«Թուրքի նման ընտանիք է, թուրքին, ադրբեջանցուն գիտե՞ս, իրենց ո՞նց ես վերաբերվում, սա է իմ պատասխանը»: Այսպես պատասխանեց գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Արայիկ Բուդաղյանը Aysor.am-ի թղթակցի հարցին, թե ինչ հարաբերություններ են եղել իրենց եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանների ընտանիքի միջեւ:
Հարցին՝ արդյոք ճի՞շտ էին լուրերը, որ ինքը Մոսկվայից ժամանել է Հայաստան եւ հեղինակություն վայելող մարդկանց հետ հավաք կազմակերպել այս դեպքի հետ կապված, Ա. Բուդաղյանը նշեց. «Ի՞նչ վենդետա, ի՞նչ հավաք: Առաջին անգամ եմ նման բան լսում: Ես հիմա ոչ լուրեր եմ կարդում, ոչ էլ գիտեի այդ մասին»:
Հարցին, արդյոք ճի՞շտ է, որ ինքն ու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մանկության ընկերներ են, նա ասաց. «Ես իրենից ավելի փոքր եմ, մենք մանկության ընկերներ չենք»,- ասաց Բուդաղյանը եւ հերքեց, որ Վ. Գասպարյանն է իրեն դիմավորել օդանավակայանում:
Ա. Բուդաղյանը նշեց, որ եղբոր՝ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակը լավ է, իսկ հոգեբանականը` «ո՞նց կարող է լավ լինել»: Նա ասաց, որ ինքն ու գնդապետը խոսում են այս դեպքի մասին, սակայն դա հրապարակման ենթակա ինֆորմացիա չէ:
Նա նաեւ հրաժարվեց կարծիք հայտնել դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի մասին:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:
Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ:
Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել է Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը:
Սուրեն Խաչատրյանը հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:
Լուսանկարը՝ Emedia.am-ի




























