Ֆրանսիայի Լիոն քաղաքում բնակվող տասնյակ հայեր մարտի 3-ին հավաքվել են «Euronews» հեռուստաընկերության կենտրոնակայանի առջեւ՝ վրացական իշխանությունների կողմից երկրի հայ փոքրամասնության եւ, մասնավորապես, ջավախքահայության նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության դեմ իրենց բողոքն արտահայտելու նպատակով:

Ելույթ ունեցողները դատապարտել են ջավախքահայության տարրական իրավունքների ոտնահարման քաղաքականությունը, պահանջել Եվրամիությունից քայլեր ձեռնարկել Վրաստանի հայ փոքրամասնության առջեւ ծառացած հիմնախնդիրները լուծելու եւ, մասնավորապես, ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի արդար դատավարության իրավունքը ապահվելու ուղղությամբ:

Ցույցի ավարտին ցուցարարներից կազմված պատվիրակությունը հանդիպել է «Եվրանյուզ» հեռուստաընկերության համապատասխան պաշտոնատար անձանց հետ՝ փոխանցելով նրանց ցույցի նպատակի եւ պահանջների բնույթի վերաբերյալ մամուլի համար կազմված հաղորդագրությունը:

Ի պաշտպանություն ջավախքահայության իրավունքների Լիոնի հայության գործողությունները կրելու են հաջորդական բնույթ: Մասնավորապես, ապրիլի 3-ին նախատեսվում է անցկացնել նոր ցույց՝ ֆրանսիական «FRANCE 3» հեռուստաընկերության կենտրոնակայանի առջեւ: