Վրաստանում հունիսի 27-ի երեկոյան քաղաքապետարանի պաշտոնյաների եւ սակրաբելոյի (քաղաքային խորհուրդ) անդամների կրկնակի ձերբակալություններ են տեղի ունեցել: Քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ձերբակալվել է 22 մարդ, որոնց թվում են Թբիլիսիի քաղաքապետի երկու տեղակալները, քաղաքային խորհրդի նախագահի տեղակալը եւ «Միասնական ազգային շարժման» խմբակցոթյան քաղաքային ժողովի անդամները:
Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան պաշտոնյաների ձերբակալությունը համարում է ճնշում «Միասնական ազգային շարժման» անդամների նկատմամբ, հայտնում է «Գռուզիա Online»-ը:
Սա քաղաքապետարանում մեկ օրվա մեջ արդեն երկրորդ զանգվածային ձերբակալությունն է: Հունիսի 27-ի առավոտյան ձերբակալվել, այնուհետեւ ազատ էր արձակվել 30 մարդ:
Կալանավորվել են Թբիլիսիի քաղխորհրդի եւ քաղաքապետարանի մոտ 30 աշխատակիցներ
Քննչական ծառայությունը հայտնել էր, որ քաղաքապետարանի աշխատակիցները ոչ թե կալանավորվել էին, այլ միայն հարցաքննության էին կանչվել` Թբիլիսիի վերականգնողական հիմնադրամի միջոցների յուրացման գործի հետաքննության շրջանակում ցուցմունք տալու նպատակով:
Ըստ հետաքննության` բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ Հիմնադրամից յուրացվել եւ ծախսվել էր 50 միլիոն լարի (30 միլիոն դոլար):
Ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել նաեւ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի նկատմամբ: Նրան մեղադրել են գույքի յուրացման եւ փողերի լվացման մեջ:





























