Ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում շինարարության ծավալները կրճատվել են 8,8%-ով: Դրանում սենսացիոն ոչինչ չկա, այդ ոլորտում բացասական միտումները շարունակվում են, որոնք սկսվել էին դեռ ճգնաժամային 2009 թ-ից: Ինչպես երեւում է գծապատկերից, շինարարության ոլորտում ամենամեծ ակտիվությունը գրանցվել է մինչճգնաժամային 2008 թ-ին, իսկ հետագայում արդեն անկում է արձանագրվել:
Հիմնական պատճառը «բնակչության միջոցներով» իրականացվող շինարարության ծավալների կրճատումն է եղել: 2008 թ-ին շահագործվել է 985 բնակելի տուն, որից 891-ը` «բանկչության միջոցների հաշվին», իսկ 84-ը` պետական միջոցների: Մնացած 10 –ը` «կազմակերպությունների»: Բնակչությունը, բնականաբար, առանձնատներ է կառուցել, իսկ պետությունը` հիմնականում բազմաբնակարան շենքեր:
Նշենք, որ նշված տարում «բնակչության» կողմից կատարվել են մոտ 600 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ, անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել է 231 մլրդ դրամ:
Դիտարկելով դինամիկան` պարզ է դառնում, որ «բնակչության» կողմից իրականացված շինարարության ծավալները 2008-2012 թթ. ընթացքում կրճատվել են 2,6 անգամ: Ֆիզիկական ծավալը կրճատվել է գրեթե 2,8 անգամ:
Մեզանում սակայն կա ապահովված քաղաքացիների մի շերտ, որոնք ոչ քիչ գումարներ են ծախսում շքեղ առանձնատների վրա: Նշենք, որ անցած տարի շահագործվել է «բնակչության» կողմից կառուցված 586 շենք:
Հայաստանում 2000-2011թթ. առանձնատների ֆոնդն ավելացել է գրեթե 80 հազար միավորով, իսկ բնակարանայինը` մոտ 22 հազարով: Նշենք, որ վերջիններիս թվում են նաեւ էլիտար շենքերի թանկարժեք բնակարանները, օրինակ, Հյուսիսային պողոտայում:
Հարմարավետը սենյակներով շենքերի եւ առանձնատների կառուցման աճի տեմպի հետեւանքով հանրապետության բնակչության բնակտարածությամբ ապահովվածության միջին ցուցանիշը 20,7 քմ-ից հասել է 27,8 քմ-ի:
Միջին ցուցանիշը, ինչպես հայտնի է, աբստրակտ հասկացություն է. մեկը կարող է նեղվածքային պայմաններ ունենալ «խրուշչովյան բնակարանում», մեկ ուրիշը` բանկավել հազար քմ-անոց ժամանակակից առանձնատանը:
Դատելով բնակարանենրի վաճառքի հայտարարություններից` հազար քմ-անոց առանձնատները մեզանում եզակի չեն...
Ալբերտ Խաչատրյան





























