Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավճիռը: Դատական նիստը նախագահել են դատավորներ Սերժիկ Ավետիսյանը, Մարգո Սիմոնյանն ու Արշակ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 19-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Նիկոլ Փաշինյանին դատապարտել է 7 տարվա ազատազրկման` մեղավոր ճանաչվելով նրան ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը): Միաժամանակ դատարանը նրան արդարացրել է քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը): Մեղադրող կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել եւ պահանջում է, որ որպեսզի Փաշինյանը մեղավոր ճանաչվի նաեւ 316 հոդվածով:

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է թե՛ մեղադրող կողմի միջնորդությունը, որով պահանջվում էր Փաշինյանին մեղավոր ճանաչել նաեւ 316 հոդվածի 1-ին մասով, թե՛ պաշտպնական կողմի միջնորդությունը, որով պահանջվում էր արդարացնել Փաշինյանին:

Դատարանը նաեւ որոշել է, որ վճռի ուժի մեջ մտնելուց հետո Նիկոլ Փաշինյանի պատժի չկրած մասի վրա տարածվի համաներումը, ըստ որի այդ ժամկետը պետք է կիսով չափ կրճատվի: Այն 7 տարվա փոխարեն կդառնա 3,5 տարի:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի