Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 9-ին ընդունել է «Ֆերմերների ազգային միավորման» խորհրդի անդամներին: Հանդիպումը նախաձեռնել էր գործարար Ռոզա Ծառուկյանը՝ քննարկելու «թե ինչ պրոբլեմներ կան ոլորտում, որոնք են առաջնահերթ խնդիրները եւ պետության անելիքները, որպեսզի հնարավոր լինի 2010 թ. անասնաբուծության ոլորտում ապահովել լուրջ առաջընթաց»:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՖԱՄ խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Տիգրան Սարգսյանին` կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար:
Հանդիպման ընթացքում ֆերմերները ներկայացրել են ոլորտի զարգացման վերաբերյալ իրենց մտահոգող մի շարք հարցեր, մասնավորապես՝ թռչնաբուծության, կարտոֆիլագործության, պտղաբուծության, մեղվաբուծության եւ ոչխարաբուծության ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ: Հատկապես առաջնային են համարվել գյուղատնտեսական մթերքների արտահանման հնարավորությունների ընդլայնումը, օրենսդրական դաշտի կատարելագործումը եւ գյուղատնտեսության երկարաժամկետ զարգացման մոդելի մշակումը:
Վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել գյուղատնտեսության նախարարին՝ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Մասնավորապես՝ գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարվել է «Ֆերմերների ազգային միավորման» հետ ստեղծել մասնագիտացված ձեռնարկություն, որը կզբաղվի ներմուծման եւ արտահանման կարգավորմամբ:



























