Այս տարի Բնակչության համաշխարհային օրվա ուշադրության կենտրոնում անչափահասների հղիության հարցն է: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ուղերձում:
«Լինելով աղջիկների կրթության, առողջության ու իրավունքների հավատարիմ ջատագովը եւ հավատացած լինելով, որ երիտասարդ կանայք կկարողանան վերափոխել մեր աշխարհը, ես ողջունում եմ այն փաստը, որ այս տարվա Բնակչության համաշխարհային օրվա ուշադրության կենտրոնում անչափահասների հղիության հարցն է: Այս նուրբ թեման գլոբալ ուշադրություն է պահանջում:
Մոտ 16 մլն դեռահաս աղջիկներից շատ շատերը, ովքեր յուրաքանչյուր տարի ծննդաբերում են, երբեք իրենց հղիությունը պլանավորելու հնարավորություն չեն ունեցել: Հղիության եւ ծննդաբերության բարդությունները կարող են հանգեցնել ծանր հաշմանդամության, ինչպիսին է մանկաբարձական ֆիստուլը, եւ հանդիսանում են այս խոցելի երիտասարդ կանանց մահվան հիմնական պատճառ: Դեռահաս աղջիկները վտանգավոր արհեստական վիժեցման պատճառով նաեւ կանգնում են բազմաթիվ հիվանդությունների, վնասվածքների եւ մահվան առջեւ:
Այս խնդիրները լուծելու համար մենք պետք է հնարավորություն տանք աղջիկներին հաճախել տարրական դպրոցներ եւ ստանալ լավ կրթություն իրենց դեռահասության շրջանում: Երբ երիտասարդ աղջիկը կրթված է, հավանականությունը մեծ է, որ նա ավելի ուշ կամուսնանա, երեխաներ կունենա այն ժամանակ, երբ պատրաստ կլինի, կունենա ավելի առողջ երեխաներ եւ ավելի բարձր եկամուտ կվաստակի:
Մենք պետք է նաեւ բոլոր դեռահասներին ապահովենք իրենց տարիքին համապատասխան, բազմակողմանի սեռական կրթությամբ: Սա հատկապես կարեւոր է, որպեսզի հնարավորություն տրվի երիտասարդ կանանց որոշելու, ե՞րբ եւ արդյո՞ք ուզում են մայր դառնալ: Բացի այդ, մենք պետք է տրամադրենք սեռական եւ վերարտադրողական առողջության համապարփակ ծառայություններ, որոնք ներառում են ընտանիքի պլանավորում եւ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, այդ թվում`ՄԻԱՎ-ի, կանխարգելում եւ բուժում: Եվ մենք պետք է երաշխավորենք մայրական առողջության ծառայությունները, որոնք անհրաժեշտ են կանանց:
Ուշադրություն եւ միջոցներ հատկացնելով դեռահաս աղջիկների կրթությանը, առողջապահությանը եւ բարեկեցությանը` մենք հավատացած ենք, որ նրանք հասարակության մեջ դրական փոփոխություն մտցնելու համար է՛լ ավելի մեծ ուժ կդառնան, ինչն ազդեցություն կունենա եկող սերունդների վրա: Բնակչության համաշխարհային այս օրը եկե´ք խոստանանք աջակցել դեռահաս աղջիկներին իրագործելու իրենց ներուժի կարողությունը եւ իրենց ներդրումը կատարելու մեր ընդհանուր ապագայի մեջ»,- նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը:





























