Նյու Յորքի դատարանի առջեւ են կանգնել Բոնաննոյի կլանի 7 անդամներ: Բոնաննոն ԱՄՆ իտալական մաֆիային պատկանող «ընտանիքներից» է:
Նրանք մեղադրվում են շորթումների, ապօրինի վարկավորման, ազարտային խաղերի կազմակերպման եւ դեղորայքի ապօրինի վաճառք կազմակերպելու մեջ: Հետաքննության տվյալներով` նրանք հանցակից են եղել նաեւ արհմիության նկատմամբ վերահսկողության սահմանմանը, ինչը նրանց թույլ է տվել 10 մլն դոլար ստանալ:
Այդ գործով մեղադրանքները ներկայացվել են նաեւ Բոնաննո «ընտանիքի» ենթադրյալ ղեկավարին` Նիկոլա Սանտորային: Նա տվյալ պահին պատիժ է կրում մեկ այլ հանցագործության համար: Սպասվում է, որ մեղադրանք կներկայացվի նաեւ 9-րդ անձին, սակայն նրա ինքնությունն առայժմ չի բացահայտվում, հաղորդում է «Lenta.Ru»-ն` վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները:
Բոնաննոյի կլանը համարվում է ԱՄՆ իտալական մաֆիայի ամերիկյան 5 խոշորագույն «ընտանիքներից» մեկը: Մյուս կլաններն են Գամբինոն, Ջենովեզեն, Կոլոմբոն եւ Լուկկեզեն:





























