Հայաստանը նախկին ԽՍՀՄ միակ երկիրն է, որն ստանձնել է Բոլոնիայի գործընթացի անդամակցած երկրների նախարարական գագաթաժողովի կազմակերպման պատասխանատվությունը: Այս մասին նշվել է այսօր՝ հուլիսի 10-ին, Երեւանում, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ ԵՄ ընդլայնման եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հանդիպման ժամանակ:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Բոլոնիայի գործընթացի քարտուղարության եւ 2015 թվականին Հայաստանում Բոլոնիայի գործընթացի անդամակցած պետությունների նախարարական գագաթաժողովի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանի կողմից առաջարկվել է այս տարվա սեպտեմբերին նախատեսվող Արեւելյան գործընկերության կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին մասնակցելու են նաեւ ԵՄ ընդլայնման եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն եւ կրթության եւ մշակույթի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրուլա Վասիլիուն, ներկայացնել Բոլոնյան գործընթացի քարտուղարության հայաստանյան տեսակետը, ինչպես նաեւ Գիտատեխնոլոգիական եւ ինովացիոն զարգացման ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի մասնակցության ասոցացված մասնակցության հեռանկարները:

Հանձնակատար Ֆյուլեն կարեւորել է «Էրազմուս+» ծրագիրը՝ որպես ուսանողների եւ դասախոսների միջեւ շարժունության, միջբուհական կապերի հաստատման կարեւոր գործիք: 

Քննարկվել է Արեւելյան գործընկերության բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանշավորման գործակալության ստեղծման հայաստանյան առաջարկը եւ հոկտեմբերի 17-18-ը Հայաստանի ԵԽ նախագահության շրջանակում նախատեսվող կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր:

Հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան հարաբերություններում տեղի ունեցող դրական զարգացումները եւ վերահաստատել է ԵՄ հանձնառությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումներին: