Կահիրեի դատախազը մեղադրանք է առաջադրել Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի 206 կողմնակիցների նկատմամբ, որոնք ձերբակալվել էին Հանրապետական գվարդիայի շտաբ-բնակարանի մոտ տեղի ունեցած բախումներից հետո:

Հանրապետական գվարդիայի շտաբ-բնակարանի մոտ ցուցարարների եւ զինվորականների միջեւ բախումները տեղի են ունեցել հուլիսի 8-ին: Այդ անկարգությունների ընթացքում, վերջին տվյալներով, զոհվել է 53, տուժել է ավելի քան 400 մարդ:

Միջադեպից անմիջապես հետո զինվորականները ձերբակալել էին Մուրսիի ավելի քան 600 կողմնակիցների: Դատախազի այսօրվա հանձնարարությամբ՝ դատախազությունը որոշել է 2 հազար ֆունտի (մոտ 285 դոլար) դիմաց ազատ արձակել 446 մարդու, իսկ մնացած 206-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Նրանք 15 օրով կալանավորվել են:

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 10-ին, ավելի վաղ Եգիպտոսի գլխավոր դատախազությունը կալանքի որոշում էր կայացրել «Մահմեդական եղբայրների» առաջնորդ Մուհամեդ Բադիայի, ինչպես նաշեւ շարժման այլ բարձրաստիճան ներկայացուցիչների վերաբերյալ: Նրանք կասկածվում են ցուցարարների եւ զինվորականների միջեւ բախումներին առնչություն ունենալու մեջ:

Եգիպտոսի դատախազությունը «Մահմեդական եղբայրների» առաջնորդին կալանավորելու հրահանգ է ստորագրել