Որքան Հայաստանը մոտենում է ԵՄ-ին, այնքան ավելի շատ ուշադրություն է դարձվում նրան, թե ինչպես են իրականացվում եվրոպական սկզբունքները, ինչպիսի քայլեր են ձեռնարկվում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 10-ին, հայտարարել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Նրա խոսքով՝ գլոբալիզացիայի դարում հատուկ նշանակություն են ստանում կանխատեսելի եւ հուսալի գործընկերները: Խոսելով «Արեւելյան գործընկերության» ծրագրի մասին, Ֆյուլեն հիշեցրել է, որ Հայաստանն ու ԵՄ-ն մոտ են Ասոցացման, այդ թվում Ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ համաձայնագրերի շուրջ բանակցությունների ավարտին: «Դա Հայաստանի առջեւ նոր հնարավորություններ է բացում, քանի որ ԵՄ-ն 500 մլն սպառողների շուկա է»,-ասել է Ֆյուլեն՝ հավելելով, որ ԵՄ-ն կամրապնդի Հայաստանի համագործակցությունը ԵՄ երկրների ժողովուրդների հետ:
ԵՄ հանձնակատարը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել ֆինանսական աջակցությունը բարեփոխումներին, ինչպես նաեւ դոնորներ ներգրավել այդ հարցում: Ֆյուլեն ընդգծել է, որ «Արեւելյան գործընկերության» ծրագիրը հնարավորություն է տալիս համատեղել ջանքերը քաղաքական եւ տնտեսական ոլորտներում: «Դա լավ հնարավորություն է մի երկրի համար, որը ծովի ելք չունի եւ որի սահմանները փակ են երկու հարեւանների հետ»,-ասել է նա:
Եվրահանձնակատարը նշել է սպասվող աշխատանքի առաջնահերթությունները. ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, հիմնարար ազատություններ, հավասարություն, կոռուպցիայի դեմ պայքարի ինտենսիվացում, կառավարման մարմինների աշխատանքի բարելավում:





























