Բանաստեղծ Պաբլո Ներուդայի մահվան պատճառները պարզելու նպատակով նրա մասունքները փորձաքննության համար կուղարկեն Իսպանիա: Հուլիսի 10-ին նման որոշում է կայացրել դատավոր Մարիո Կարոսան, որը վարում է Ներուդայի մահվան հանգամանքները պարզելու հետաքննությունը:
Ներուդայի ոսկրային հյուսվածքների նմուշները կուղարկվեն Մուրսիայի համալսարան՝ քիմիա-տոքսիկոլոգիական ամալիզի ենթարկելու համար: Միաժամանակ հայտնի բանաստեղծի մասունքների փորձաքննություն կկատարվի նաեւ ԱՄՆ Հյուսիսային Քարոլինայի նահանգի համալսարանի լաբորատորիայում, հաղորդում է Lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ Չիլիի իրավապահ մարմինները Պաբլո Ներուդայի մահվան հանգամանքները պարզելու նպատակով հետաքննություն են սկսել: Հայտնի բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ներուդան մահացել է 1973 թվականի սեպտեմբերի 23-ին՝ 69 տարեկան հասակում, Չիլիի հիվանդանոցներից մեկում: Պաշտոնական վարկածի համաձայն՝ նրա մահվան պատճառը քաղցկեղն է, սակայն մի քանի տասնամյակ լուրեր էին շրջանառվում, որ բանաստեղծին թունավորել են Աուգուստո Պինոչետի հրամանով, որն իշխանության էր երեկ Ներուդայի մահից 12 օր առաջ:
Ներուդայի մասունքների արտաշիրմում են իրականացրել այս տարվա ապրիլին: Փորձաքննության առաջին արդյունքները հաստատել են, որ նա մահվան ժամանակ օնկոլոգիական հիվանդության վերջին փուլում է եղել, սակայն հստակ պատասխան չեն տվել, թե արդյոք մահվան պատճառը հենց քաղցկեղն է եղել:




























