Վերջին քսան տարվա ընթացքում Հայաստանում ծնելիությունը երկու անգամից ավելի նվազել է. մոտավորապես նույնքան անգամ նվազել են նաեւ ամուսնությունները: Այս մասին, այսօր` հուլիսի 11-ին, ազգաբնակչության համաշխարհային օրը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը՝ խոսելով Հայաստանի ժողովրդագրական խնդիրների եւ վիճակագրական տվյալների մասին:
Նրա խոսքով՝ սերունդն իրեն վերարտադրում է լավագույն դեպքում 70 տոկոսով, այնինչ 70-80-ական թվականներին մենք ունեինք շատ բարենպաստ ժողովրդագրական իրավիճակ եւ ձեւավորվել էր 2-3 երեխաների ընտանիքի մոդելը:
«Ինչու այսպես եղավ. որովհետեւ մեզ մոտ արմատապես փոխվեց տնտեսական, սոցիալական եւ քաղաքական իրավիճակը: Ժողովրդագրական իրավիճակն ունի որոշակի իներցիա: Այսինքն կատարվող փոփոխությունները նրանց վրա միանգամից չեն ազդում, որոշ ժամանակ է պետք: Սակայն այս անգամ ցնցումն այնքան զգալի էր, որ գրեթե առանց իներցիոն ժամանակահատվածի ընթացավ»,- նշեց Ռուբեն Եգանյանը:
Նրա ներկայացմամբ՝ գիտակից մարդն ամուսնանում է այն դեպքում, երբ որոշակի պայմաններ կարողանում է ապահովել կամ թեկուզ երաշխիք է ունենում, այնինչ այսօր այդ երաշխիքը չկա: Չունենք կայուն աշխատանք, ունենալու դեպքում վաստակը բավարար չի, իսկ վաստակ ունենալու դեպքում վաղվա իրավիճակը պարզի չի կկարողանան աշխատավարձն ու աշխատանքը պահպանել, թե ոչ: Ինչն էլ բերում է նրան, որ կամ հետաձգում են ամուսնության պահը լավագույն դեպքում կամ ձեռնպահ են մնում ամուսնությունից ընդհանրապես:
«Ծնելիության միտումը շատ ցածր մակարդակից շարունակում է նվազել: 1990 թվին մենք ունեցել ենք մոտավորապես 79 հազար ծնունդ, իսկ 2002-ին՝ 32 հազար ծնունդ: Մի պահ բարձրացավ մինչեւ 47-ի, իսկ հիմա իջնում է 43-ի եւ դա շարունակվելու է»,- ասաց Ռուբեն Եգանյանը:
Նա նաեւ նշեց, որ եթե ծնելիության նվազման գործում հաշվի առնենք արտագաղթի դերը եւ վերցնենք 100 տոկոսի սանդղակով, այն կազմում է 25 տոկոսը: «Խնդիրը չի կարելի լոկալ լուծել, այլ պետք է համակարգային եւ համալիր ձեւով լուծումը գտնել, որպեսզի գոնե 2 անգամով ավելացնենք ծնելիությունը»,-ասաց նա:





























