Կաշառակերության համար ձերբակալված Յարոսլավի քաղաքապետ Եվգենի Ուրլաշովի փաստաբան Միխայիլ Պիսարեցին բաց են թողել քննչական մեկուսարանից, gazeta.ru-ին հայտնել է  աղբյուրը: Պիսարեցը ձերբակալվել էր «հենց Քննչական կոմիտեում», երբ Ուրլաշովի մոտ էր եկել «քննչական գործողությունների համար»:

Այդ նույն ժամանակ Ուրլաշովին տարել են անհայտ ուղղությամբ, ենթադրաբար՝ Մոսկվա:

«Յարնովոստին» հայտնում է, որ հուլիսի 12-ին իր պաշտպանյալի հետ հանդիպման ժամանած  փաստաբան Միխայիլ Պիսարեցին փակել էին մեկուսարանում: Պիսարեցը հեռախոսով հաստատել էր, որ աշխատակիցներն իրենից պահանջել էին ջնջել Ուրլաշովի հետ իր խոսակցության ձայնագրությունը: 

Ուրլաշովին տարել էին, իսկ Պիսարեցին բաց չէին թողել մեկուսարանից:  Ուրլաշովի գլխավորած «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության մամուլի ծառայությունը «ՎԿոնտակտեի» իր էջում հայտնում է, որ Պիսարեցի հետ նրա զրույցից հետո մեկուսարանի աշխատակիցները զննել են փաստաբանի անձնական իրերը եւ լսել  պաշտպանյալի հետ զրույցի ձայնագրությունը:

Հուլիսի 15-ին մարզային դատարանը պետք է վերանայի Ուրլաշովի փաստաբանների բողոքարկումը: Քննությունն արդեն հայտնել է, որ դատարանի միջոցով կհասնի քաղաքապետի պաշտոնից Ուրլաշովի հեռացմանը: