Գյումրիի քաղաքապետարանը երկու նոր ավտոբուսային երթուղիների համար մրցույթ կհայտարարի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Արամ Եղոյանը: Նա հերքել է տեղեկությունները, թե Գյումրիում ուղեւորատար տրանսպորտը կառավարող ընկերությունները պատրաստվում են ավտոբուսների նոր խմբաքանակ գնել:

«Ընկերությունը, որը հունիսի վերջին 10 ավտոբուս է ձեռք բերել, մտադիր է եւս մի քանի ավտոբուս գնել, որպեսզի ամբողջությամբ սպասարկի երկու երթուղիներ, որոնք մրցույթում շահել է: Առայժմ այդ երթուղիներից գործում է միայն մեկը»,-ասաց Եղոյանը:

Նրա խոսքով՝ ավելի վաղ քաղաքապետարանը մրցույթներ էր հայտարարել եւս երկու ավտոբուսային երթուղիների համար, սակայն ոչ մի հայտ չէր ստացվել: «Խորհրդային ժամանակներից մենք նախագծված երթուղիներ ունենք, բայց մի քանի տարի առաջ գծից դուրս են եկել վերջին «ՊԱԶ»-երը: Մինչեւ վերջերս քաղաքը սպասարկում էին միայն միկրոավտոբուսները: Հիմա հույս ունենք մեծացնել ավտոբուսային ցանցը: Ի լրումն երկու երթուղիների, կսպասենք եւս երկու երթուղիների հայտերի»,-նշել է տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարը:

Նշենք, որ Գյումրիում տրանսպորտի համար ընտրել են չինական «Higer» ավտոբուսները, որոնք գազով են աշխատում, իսկ դա նշանակում է, որ ավելի տնտեսող են, քան դիզելով աշխատող «Hyndai»-ը եւ «Բոգդան»-ը: