Հարավային Կովկասի երեք երկրներում ամենից բարձր կոռուպցիայի մակարդակը գրանցվել է Ադրբեջանում: Այս մասին վկայում են Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի «Տվյալների հավաքագրման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում 2008-ին անցկացրած հետազոտության արդյունքները, որոնք ներկայացվել են այսօր:
Հարցին, թե «վերջին 12 ամիսներին կաշառք վճարել ե՞ք», Հայաստանում դրական պատասխան են տվել հարցվածների 7 տոկոսը, բացասական` 91 տոկոսը, հրաժարվել է պատասխանել` 1 տոկոսը:
Նույն հարցին, Ադրբեջանում դրական է պատասխանել 28 տոկոսը, բացասական` 61 տոկոս, հրաժարվել է պատասխանել` 7 տոկոսը: Վրաստանում հարցվածներից վերջին մեկ տարում կաշառք տվել է 7 տոկոսը, չի տվել` 92 տոկոսը:
Ինչ վերաբերում է ուսումնական հաստատություններում կաշառք տալուն, ապա Հայաստանում հարցվածների 94,8 տոկոսն ասել է, որ ուսման տարիներին երբեք կաշառք չի տվել, իսկ 4,2 տոկոսը խոստովանել է, որ իր կյանքում նման բան եղել է: Համեմատելով այս թվերը, մեզ շրջապատող իրականության հետ, կարելի է եզրակացնել, որ հարցվածները միշտ չէ, որ անկեղծ են պատասխանել առաջադրված հարցերին:
Նույն հարցի վերաբերյալ, Ադրբեջանում հարցվածների 18.9 տոկոսը խոստովանել է, որ իր ցանկալի գնահատականը ստանալու համար դասախոսին կաշառել է, իսկ 75.8 տոկոսը բացասական պատասխան է տվել: Վրացիների շրջանում դասախոսին կաշառելու խոստովանություն արել է հարցվածների 3,3 տոկոսը, իսկ 90.3 տոկոսը բացասական պատասխան է տվել:
Հարցմանը Հայաստանում մասնակցել է 2082, Ադրբեջանում` 2014, Վրաստանում` 1837 ռեսպոնդենտ: Այն անցկացվել է 2008 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Հարցերը վերաբերել են քաղաքականությանը, տնտեսությանը, առողջապահությանը և այլ ոլորտներին:




























