Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 13-ին ընդունել է Վրաստանի ֆինանսների նախարարությանն առընթեր եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտի պետ Վլադիմիր Խունդաձեին:
Նախագահը ողջունել է հյուրին, կարեւորել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ մաքսային, հայ-վրացական համագործակցությունը, նշելով, որ այն համահունչ է դինամիկ զարգացող երկկողմ հարաբերություններին:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացման եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ մեկնարկած աշխատանքներին: Կարեւորվել է մաքսային ծառայությունների միջեւ տեղեկատվության օպերատիվ փոխանակման ուղղությամբ սերտ համագործակցությունը:
Վլադիմիր Խունդաձեն նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է ՀՀ ՊԵԿ նախագահի հետ ունեցած քննարկումների արդյունքները, որոնք, նրա գնահատմամբ, արդյունավետ են եւ ներառում են երկու երկրների մաքսային ծառայություններին հետաքրքրող արդիական բոլոր հարցերը:





























