Ազատության հրապարակում հուլիսի 12-ից հացադուլ անող ազատամարտիկ Շամիր Սահակյանն այսօր` հուլիսի 13-ին, հանդիպել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Մամուլի քարտուղարն ասաց, որ նախարարը ընդունել է ազատամարտիկին, ֆինանսապես օգնել նրան եւ հանձնարարել նրա բնակարանի հարցը քննարկել: «Այդ հարցը իրավական տիրույթում է»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ Շամիր Սահակյանը երեկ` հուլիսի 12-ին Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ է հայտարարել: Նրա հացադուլին նստացույցով միացել են մի շարք ազատամարտիկներ:

Հիշեցնենք, որ Շամիր Սահակյանը ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա: Նա 17 տարեկանից կռվել է Ասկերանի գնդում, արկի պայթյունից հաշմանդամություն է ձեռք բերել, եւ այժմ դրա համար ստացող 50 հազար դրամ թոշակը տալիս է բնակարանի վարձ:

2011 թվականին ազատամարտիկը Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից բնակարան տրամադրելու խոստում է ստացել, ինչը մինչ օրս չի արվել: