Զորակոչի ընթացքում ցանկացած զինակոչիկի հետ առարկայական խնդիրների դեպքում տարբեր հասարակական կառույցներ, այդ թվում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մեզ դիմել է եւ ստացել հստակ պատասխաններ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Հելսինկյան ասոցիացիայի կողմից արված հայտարարությունը զուրկ է փաստարկներից, անհիմն է եւ չի համապատասխանում իրականությանը: Անթույլատրելի են այդ հայտարարության մեջ թույլ տված որոշ գնահատականներ, ընդհանրացումներ, որակումներ, այդ թվում` նաեւ ՀՀ ԶՈւ-երը վարկաբեկող բնույթի: ՀՀ ՊՆ-ը հայտնում է որ առողջական վիճակի համար ոչ պիտանի ճանաչված անձանց ծառ զորակոչելը հանդիսանում է հանցագործություն, իսկ այդ մասին չհիմնավորված եւ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունների տարածումը հանդիսանում է քրեորեն պատժելի արարք»,-ասաց մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարել էր, թե շարունակում է առողջական խնդիրներով ՀՀ տարբեր բնակավայրերից զինծառայողների հետ կապված ահազանգեր ստանալ ծնողների կողմից: «Վերստին ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ նրա համապատասխան ստորաբաժանումները շարունակում են անօրինական քայլեր իրականացնել զորակոչի գործընթացի ամբողջ ընթացքում՝ ՀՀ զինված ուժեր զորակոչելով լուրջ առողջական խնդիրներ ունեցող անձանց: Ավելին, ամեն գնով փորձում են անուշադրության մատնել առողջական վիճակի վերաբերյալ ահազանգերը, չտրամադրել ուղեգրեր կրկնակի բուժզննության ենթարկվելու համար եւ բոլոր ձեւական հիմնավորումներով երիտասարդներին ճանաչել պիտանի զինծառայությանը եւ ենթարկել զորակոչի: Ակնհայտ է զինկոմիսարիատների կողմից քաղաքացիների նկատմամբ զուտ չոր եւ բյուրոկրատական, անմարդկային վերաբերմունքը, որն ուղեկցվում է սպառնալիքով եւ ճնշումներով: Հաշվի չեն առնվում երիտասարդների մոտ առկա հիվանդությունների բնույթը, մի քանի հիվանդությունների զուգակցումը, դրանց հետագա բացասական զարգացումները եւ հետեւանքները, տարբեր բժշկական հաստատությունների կողմից տրամադրված իրարամերժ եզրակացությունները, զորակոչի տարիքի անձանց առողջության իրական վիճակից տարբերվող եւ մեղմ որոշումների ընդունումները՝ փորձելով ամեն կերպ հիմնավորել առողջական լուրջ խնդիրներով քաղաքացիների զորակոչը»:




























