Մոսկվայի բնակարանում մահացած են գտել «Դատարանն է գալիս» հեռուստահաղորդման հաղորդավարը: Այս մասին հայտնել են Մոսկվայի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունից: Խոսքը 61-ամյա փաստաբան Բորիս Տարասովի մասին է: Նա Մոսկվայի Փաստաբանական պալատում էր աշխատում եւ վարում «Դատարանն է գալիս» հաղորդումը «Ռոսիա» հեռուստաալիքով:
Ըստ LifeNews-ի` կատարվածի մասին հայտնի է դարձել կիրակի` երեկոյան ժամը տասին: Բորիս Ալեքսեեւիչի հարեւանները, անհանգստանալով նրա բնակարանից եկող ուժեղ հոտից, ոստիկանություն են կանչել: Դռան զանգերին ոչ ոք չի արձագանքել, եւ ՆԳՆ-ի աշխատակիցները փրկարարներ են կանչել: երբ բնակարան են մտել, փաստաբանը մահացած է եղել:
Ըստ ոստիկանության` Տարասովի մահը քրեական բնույթ չի ունեցել: Հայտնի է նաեւ, որ մարմինը բնակարանում մնացել է երկու շաբաթ:
Տարասովն իր կարիերայի սկզբում դատախազությունում է աշխատել: 1995թ. նա հեռացել էր աշխատանքից եւ զբաղվել փաստաբանությամբ:





























