Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում երեք տղամարդ շնչահեղձ են եղել` փորձելով երեխային վերադարձնել թունավոր գազերով  ջրհորն ընկած ֆրիսբիի ափսեն: Ողբերգությունը տեղի է ունեցել Ստարոմինսկայայում:

12-ամյա երեխան սեփական տան բակի դատարկ ջրհորն էր գցել  խաղալիքը: Երեխայի հայրը` 39-ամյա Անդրեյ Կոստենկոն, որոշել էր այն հանել, սակայն ջրհորի հատակն իջնելով` կորցրել էր գիտակցությունը: Հարեւանին օգնության էր հասել 35-ամյա Անդրեյ Իվաշչենկոն, որը նույնպես  ուշաթափվել էր` ջրհորում հայտնվելով, հայտնում է Life News-ը:

Վախեցած երեխան զանգել է  հորեղբորը` 28-ամյա Ալեքսեյ Կոստենկոյին: Սակայն նույնն էլ կատարվել էր ջրհորը ցատկած Ալեքսեյի հետ:

Երբ ողբերգության վայր ժամանած փրկարարները ջրհորից հանել են տղամարդկանց, նրանք դեռ ողջ են եղել, սակայն բժիշկներն արդեն չեն կարողացել  օգնել:

Ըստ քննության վարկածի` երեքն էլ թունավորվել են ջրհորի հատակում կուտակված գազերից: Մահացածների արյան մեջ թույնի քանակն այնքան շատ է եղել, որ ոչ մեկն էլ ողջ մնալու հնարավորություն չի ունեցել: