ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ավելի աշխույժ կարող է լինել: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան` Երեւանում կայացած մամուլի ասուլիսում:
ԵԱՀԿ գործող նախագահը հիշեցրել է, որ Ուկրաինայի համար սառեցված հակամարտությունների կարգավորումը նախագահության կարեւորագույն խնդիրներից է:
«Ուկրաինան պարզապես շրջապատված է սառեցված հակամարտություններով` Մոլդովան, Հարավային Կովկասը: Դրանով է պայմանավորված այս հարցին ուկրաինական կողմի հատկացրած ուշադրությունը», - նշել է նախարարը: Ըստ նրա` Ուկրաինան կարծում է, որ անհրաժեշտ է աշխույժ գործընթաց պահպանել, հանդիպումներ անցկացնել տարբեր ձեւաչափերով, նախագահների, արտգործնախարարների մակարդակով:
Լեոնիդ Կոժարան նշել է, որ Ուկրաինան աջակցում է ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունը, սակայն կարծում է, որ ՄԽ-ն կարող էր էլ ավելի ակտիվ լինել եւ այդ դեպքում գործունեությունն ավելի արդյունավետ կլիներ: «Կոնֆերանսից կամ հանդիպումից հետո ոչ մի հակամարտություն չի կարգավորվել: Գործնական աշխատանք է պետք», - նշել է Կոժարան:
Միաժամանակ նա ընդգծել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման կարեւորությունը: Ըստ նրա` Ուկրաինան պատրաստ է իր տարածքը տրամադրել նման հանդիպում անցկացնելու համար:
Բացի դրանից, Ուկրաինան աջակցում է հումանիտար աղետների հետեւանքների մեղմացմանն ուղղված ցանկացած գործունեության: Իսկ ցանկացած խնդրի հաջորդում են նման հետեւանքներ, նկատել է նախարարը:





























