Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հերքել է ադրբեջանական կողմի հայտարարություններն այն մասին որ հուլիսի 12-ին Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում, իբրեւ թե, գրանցվել է հարց այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կարող է շարունակվել միայն «շրջափակված տարածքներն ազատելու» դեպքում:

Հուլիսի 15-ին Երեւանում ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն առաջին անգամ չէ, որ հերթական հանդիպումից հետո ներկայացնում է տեղեկատվություն, որն իրականությանը չի համապատասխանում. «Կարող եմ ասել, որ նման հարցադրում չի եղել ոչ առերես, ոչ համանախագահների հետ հանդիպման ընթացքում»: Նախարարի խոսքով` դրանում արտասովոր որեւէ բան չկա: Կա նախադեպ, երբ համանախագահների հետ հանդիպումից հետո, մամուլի համար նախատեսված համաձայնեցված տեքստի առկայության պարագայում, Հայաստանն ու երեք համանախագահներն իրենց կայքերում տեղադրում են համանման տեքստեր, իսկ ադրբեջանական կողմը ներկայացրել է իր մեկնաբանությունը, որը բավականին հեռու է նրանից, ինչ քննարկվել է հանդիպման ընթացքում:

 «Վիեննայի հանդիպման ընթացքում շարունակվել է խոսակցությունն այն մասին, թե ինչպես առաջ տանել խաղաղ կարգավորման գործընթացը: Քննարկել ենք առաջիկա ամիսներին կայանալիք հանդիպումների գրաֆիկը, այդ թվում` մինչեւ տարեվերջ նախագահների հանդիպման հնարավորությունը: Ինչպես գիտեք, նախորդ հանդիպումն Ադրբեջանի մեղքով չկայացավ: Հիմա կարծես թե կա սկզբունքային հասկացում եւ պայմանավորվածություն այն մասին, որ նման հանդիպումն անհրաժեշտ է: Պետք է աշխատել այն ուղղությամբ, որ այդ հանդիպումը կայանա մինչեւ տարեվերջ»,-ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը: