Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիրը կարող է օգնել Թուրքիայի հետ սահմանի բացմանը: Այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ Ասոցացման համաձայնագիրը հիմնված է մի շարք սկզբունքների վրա, որոնցից մեկը փակ սահմանների անընդունելի լինելն է:

«Այդ առումով մեր երկրի ղեկավարության հայտարարությունները ամբողջությամբ համարժեք են եւ արտահայտում են իրականությունը: Հայաստանը մշտապես ձգտում է կառուցողական երկխոսության: Ես հեռու եմ այն մտքից, որ հենց վաղը սահմանը կբացվի, բայց Եվրամիության հետ ինտեգրմանն ուղղված աշխատանքը վաղ թե ուշ դրական արդյունքներ կտա»,-նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հիշեցնենք, որ Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը նախատեսված է այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am