Հայտնի օպերային երգիչ Պաատա Բուչուլաձեն այսօր՝ հուլիսի 15-ին, հայտարարել է, որ անհրաժեշտություն չի տեսնում մասնակցել Վրաստանի նախագահական ընտրություններին:
Նրա թեկնածությունը Վրաստանի նախագահական ընտրություններում առաջադրելու նախաձեռնությամբ հանդես էին եկել «Քարթուլի դասի» կուսակցության առաջնորդ Ջոնդի Բագատուրիան եւ «Ազատ Վրաստան» կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան: Հուլիսի սկզբին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ Բուրչուլաձեն չի կարող արժանի մրցակից լինել «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիին:
«Կարծում եմ, որ այսօր իմ՝ քաղաքականության մեջ մտնելու անհրաժեշտությունը չկա: Այն հասարակական գործունեությունը, որով ես զբաղվում եմ, ես ավելի օգուտ եմ տալիս մեր ժողովրդին ու երկրին»,-ասված է Բուրչուլաձեի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա հոկտեմբերի 27-ին: Նախագահի պաշտոնի համար պայքարելու մտադրություն են հայտնել Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին (իշխող «Վրացական երազանք»-ի կողմից), խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն, Քրիստոնեա-դեմոկրատական շարժման առաջնորդ Գեորգի Թարգամաձեն, ինչպես նաեւ նախկին իշխող կուսակցության («Միասնական ազգային շարժում») թեկնածուն, որը կորոշվի հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին՝ փրայմերիզների արդյունքում:





























