Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Անդրանիկ Թ,-ն դատապարտվել է մեկ տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման` 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է այս գործի քննությունը: Դատարանը որոշել է Անդրանիկ Թ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում 1 տարի 3 ամիս ժամկետով:
Դատարանը որոշել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, թողնել անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Հիշեցնենք, որ գործի նյութերի համաձայն՝ 48-ամյա Անդրանիկ Թ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. դեկտեմբերի վերջերին Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մ. Մկրտչյան թաղամասի 1-ին փողոցում եւ 2012թ. հունվարի 6-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի գերեզմանատան մոտ իր կողմից վարած «ԳԱԶել» մակնիշի թիվ 58 համարի երթուղային տաքսու մեջ սեռական հարաբերություն է ունեցել, ակնհայտ 16 տարին չլրացած, փաստացի կնոջ` Թ. Բ.-ի 14-ամյա դստեր` Ե. Բ.-ի հետ:
Քրեական գործ է հարուցվել 141 հոդվածի հատկանիշներով (18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-250-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Մայիսի 2-ին տեղի էր ունեցել առաջին դատական քննությունը:




























