Երեւանում այս տարվա առաջին կիսամյակում տնկվել է շուրջ 40 հազար ծառ եւ թուփ, կրապատվել են 34 հազար եւ ձեւավորվել 16 հազար տարբեր տեսակի ծառեր:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս տարի մայրաքաղաքի այգիներն ու պուրակները, սիզամարգերն ու բակային տարածքները կզարդարեն շուրջ  2 մլն բազմերանգ ծաղիկներ, որից 1 մլն 800 հազարն արդեն տնկվել է: 

Ավարտվել է նաեւ 2013 թ-ի զարգացման ծրագրով նախատեսված 21 կմ ոռոգման նոր համակարգի կառուցումը, ինչի արդյունքում այսօր արդեն շուրջ 70 հա կանաչ տարածք լիովի ոռոգելի է: 

Կանաչապատման ծրագրի շրջանակում ընդլայնվել է նաեւ սիզամարգերի մակերեսը:  Անցած վեց ամիսների ընթացքում ստեղծվել են շուրջ 4 հա նոր սիզամարգեր, եւս 10 հա գոյություն ունեցող սիզամարգեր էլ թարմացվել են:  Մայրաքաղաքի արտաքին տեսքի գեղեցկացմանն ուղղված աշխատանքների շրջանակում կանաչ տարածքներում եւ սիզամարգերում տեղադրվել են շուրջ 40 գեղարվեստական կոմպոզիցիաներ:

2013 թվականի Երեւանը կանաչ տարածքներով համալրելու ծրագրի արդյունքում, ընդհանուր առմամբ, մայրաքաղաքի կանաչ մակերեսը կհասնի 850.0 հա-ի: