Ռումինիայի ծովափնյա ճամբար հանգստի մեկնած երեւանցի 46 շնորհալի աշակերտները ելույթ են ունեցել համերգային ծրագրով՝ ներկայացնելո Սայաթ-Նովայի ստեղծագործություններից, հատվածներ «Անուշ» օպերայից, հայկական պարեր:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայ դպրոցականներն ելույթն սկսել են ՀՀ օրհներգով եւ ամփոփել Երեւանի օրհներգի կատարումով ՝ ռումինացի հասակակիցների երգակցմամբ:
Հայ երեխաները ռումինական ծովափում հանդես են եկել նաեւ հանպատրաստից ֆլեշ–մոբով. ծածանելով Հայաստանի դրոշը՝ հայկական ազգային երաժշտական նվագարանների ուղեկցությամբ հայ աշակերտները երգել են ժողովրդական երգեր, նաեւ շուրջպար են բռնել՝ արժանանալով բազմաթիվ անցորդների հիացմունքին՝ գրավելով բոլորի հետաքրքությունը դեպի հայկական մշակույթը։
Ամառային արձակուրդների օրերին աշակերտական արտերկրյա ճամբարի այս ծրագիրը վերջին տարիների ամենամեծամասշտաբն է։ Երեւան-Բուխարեստ աշակերտական ճամբարի անցկացման համաձայնությունը ձեռք է բերվել Երեւանի եւ Բուխարեստի քաղաքապետերի հանդիպման ժամանակ եւ իրականացվում է երկու քաղաքների քաղաքապետարանների ֆինանսական հոգածությամբ։ Ռումինական կողմը նմանատիպ ծրագրերը շարունակական դարձնելու ցանկություն է հայտնել։






























