Հայաստանն ու Ուկրաինան նպաստելու են ԵԱՀԿ եւ ԵԽ համագործակցության ակտիվացմանը: Այս մասին հուլիսի 15-ին Երեւանում ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվար Նալբանդյանը:

Պատասխանելով ԵԱՀԿ-ի եւ ԵԽ-ի համագործակցության վերաբերյալ հարցին՝ Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ երկու կազմակերպությունները տարբեր կազմեր ունեն, տարբեր մանդատներ, սակայն արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցություն է հարթվել դրանց միջեւ: «Որպես Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, ես հունիսի սկզբին Վիեննայում  ԵԱՀԿ Մշտական խորհրդում հնարավորություն ունեի ներկայացնելու մեր նախագահության առաջնայնությունները: Ես գիտեմ, որ ուկրաինական կողմը ներկայացել է իր առաջնայնությունները, եթե չեմ սխալվում, փետրվարին՝ Եվրոպայի խորհրդի շրջանականերում համապատասխան հանդիպման ժամանակ»,-նկատել է Նալբանդյանը:

Նախրարն ընդգծել է, որ գոյություն ունի այդ երկու կազմակերպությունների համակարգող աշխատանքային խումբ, որը տարին երկու անգամ հանդիպումներ է անցկացնում. « Եվրոպայի խորհրդում մեր նախագահության ընթացքում մենք պատրաստակամություն ենք հայտնել նպաստելու էլ ավելի մեծ համակարգման, այդ երկու կազմակերպությունների միջեւ ավելի մեծ փոխգործակցության: Ըստ իս, եւ դա այսօր հաստատվեց ԵԱՀԿ նախագահողի հետ հանդիպման ընթացքում, դա մեր ընդհանուր շահն է. մենք նպաստելու ենք ԵԽ եւ ԵԱՀԿ համագործակցության ակտիվացմանը»: