«Նոր Մոսկվայում» ավտոբուսը երկու մասի բաժանած բեռնատարի վարորդին` 46-ամյա Հրաչյա Հարությունյանին, կալանավորել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի` նրա բնակավայր այցելության ժամանակ հայտնեցին վերջինիս հարազատները:
Ընտանիքը ապրում է Շենգավիթ վարչական շրջանում գտնվող սեփական տներից մեկում, սոցիալապես վատ պայմաններում: Մեր այցելության ժամանակ նրանց տունը մարդաշատ էր, հավաքվել էին բարեկամները, մտերիմները, հարեւանները: Հարությունյանները առայժմ չեն ցանկանում հարցազրույց տալ: Դեպքից հետո նրանց չի հաջողվել կապ հաստատել, խոսել Հրաչյա Հարությունյանի հետ, քանի որ վերջինիս մոտ հեռախոս չկա: Միջադեպի եւ հետագա զարգացումների մասին նրանք տեղեկանում են լրատվամիջոցներից, Ռուսաստանում գտնվող իրենց բարեկամներից: Հարազատները մեզ տեղեկացրին, որ վերջինս փաստաբան ունի, նրա կալանքի ժամկետը կլրանա սեպտեմբերի 13-ին, իսկ մինչ այդ քննությունը պետք է պարզի` Հրաչյա Հարությունյանը մեղավոր էր վթարի մեջ, թե ոչ:
Հարազատները շեշտեցին, որ Հրաչյա Հարությունյանը երկար տարիներ վարորդ է աշխատել, մեծ փորձ ունի, 3 ամիս առաջ է մեկնել Ռուսաստան` արտագնա աշխատանքի, որպեսզի վաստակած գումարով կարողանար 21-ամյա որդու գերեզմանը սարքել, տապանաքարը դնել:
Ընտանիքը շեշտեց, որ Հրաչյա Հարությունյանը այն անձը չէր, որ խաղար մարդկանց կյանքի հետ, մտածեր միայն իր կյանքը փրկելու մասին, նա ընդամենը փորձել է նվազագույն վնասներով դուրս գալ վթարից, այնպես անել, որ տուժողներ չլինեն: Իսկ վթարի պատճառը, հարազատների խոսքով, այն է եղել, որ մեքենան անսարքություն է ունեցել, ճանապարհին արգելակներն են խափանվել: Հարազատները նշեցին, որ Հրաչյա Հարությունյանը եւս վնասվածքներ է ստացել, նա ոստիկանների հսկողության տակ է` ելնելով նաեւ վերջինիս անվտանգության շահերից, քանի որ այդքան զոհերի պարագայում հնարավոր է նաեւ վրեժխնդրության խնդիր առաջանար:
Հրաչյա Հարությունյանը ունի երկու եղբայր եւ մեկ քույր: Բանակից գալուց հետո նրա որդու մոտ հայտնաբերվել էր ուռուցք, վիրահատել էին, սակայն նա մահացել էր հենց ծննդյան նախորդ օրը: Հարազատները նշեցին, որ երեխայի մոտ ուռուցքը առաջացել էր բանակում` հարվածի հետեւանքով, բայց քանի որ Հրաչյա Հարությունյանը մասնակցել էր արցախյան ազատամարտին, չի գնացել եւ բողոքել որեւէ ատյանում: Երեւանում նրան սպասում էին դուստրը, կինը, տարեց հայրը, մայրը:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին, «Նոր Մոսկվայում» խիճով բեռնված «ԿԱՄԱԶ»-ը բախվել է ուղեւորատար «ԼԻԱԶ» ավտոբուսին: Տեսագրանցող սարքը նկարահանել է «Նոր Մոսկվայի» սարսափելի պատահարը
Սկզբում հաղորդվում էր, որ «ԿԱՄԱԶ»-ի վարորդը զոհվել է, սակայն հետո պարզվեց, որ նա դուրս է թռել բեռնատարի սրահից եւ կենդանի մնացել:
Ավելի ուշ պարզվել էր, որ «Նոր Մոսկվայում» ավտոբուսը երկու մասի բաժանած բեռնատարի վարորդը հայ է
Հարվածն այնքան ուժգին է եղել, որ ավտոբուսը երկու մասի է բաժանվել: Վթարի հետեւանքով զոհվել է 18, վիրավորվել՝ 64 մարդ:



























