Իտալացի ոստիկանները տեղեկացրել են իրենց ռուս գործընկերներին, որ պատրաստ են օգնել՝ հետաքննելու հայտնի «օրենքով գող» Ասլան Ուսոյանի սպանության գործը: Եվրոպայում ռուսական մաֆիայի դեմ պայքարի շրջանակներում նրանք գաղտազերծել են Տարիել Օնիանիի եւ Մերաբ Ջանգվելաձեի հեռախոսազրույցը: Ուսոյանի սպանության նախօրեին նրանք խոսել են վերջինիս «ոչնչացնելու» մասին, գրում է «Ռոսբալթը»:
2012թ սեպտեմբերի 18-ին «օրենքով գողերը» հերթական անգամ Մերաբ Ջանգվելաձեի գլխավորությամբ հավաքվել են Հռոմում՝ քննարկելու Դեդ Հասանի կլանի հետ իրենց երկարաձիգ «պատերազմը»: Այդ ընթացքում Օնիանիի հետ հեռախոսազրույցում նրանք քննարկել են հետագա գործողությունները եւ վերջինս, ոստիկանության ներկայացրած տվյալներով, ասել է. «Ոչնչացրեք նրան եւ բոլոր խնդիրներն կանհետանան»: Իտալիայում կարծում են, որ հենց այդ հավաքից հետո էլ կայացվել է Ուսոյանին սպանելու վճիռը: Նա սպանվել է Մոսկվայում 2013-ի հունվարին:
Ավելի ուշ գրանցվել է Տարոյի եւ Մերաբի մեկ այլ հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել է տեղի ունեցած սպանությունը:
Սակայն ՌԴ ՆԳՆ-ում կասկածանքով են վերաբերում իտալական ոստիկանության կողմից ներկայացրած ձայնագրություններին:



























