Երեկ կայացավ Վայոց Ձորի մարզում, Շատին գյուղից վերեւ գտնվող Եղեգիս գետում խեղդված 15-ամյա Կարեն Տիգրանյանի թաղման արարողությունը: Շատինի գյուղապետ Մամիկոն Սմբատյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեպքի մասին տեղյակ են պահել նրա` Մոսկվայում գտնվող հորը, ով անմիջապես վերադարձել է Հայաստան:
Գյուղապետն ասաց, որ երեխան մոտ մեկ ժամ մնացել է ջրում, դեպքը եղել է վայրկյանների ընթացքում, այնպես, որ ականատես եղբայրներն էլ ոչինչ չեն կարողացել անել: Մամիկոն Սմբատյանն ասաց, որ հարազատ եղբոր մահը տեսել են երկու եղբայրները` 8 եւ 12 տարեկան, որոնք մինչեւ այժմ շոկի մեջ են, ուշքի չեն գալիս, ոչինչ չեն խոսում:
«Կարենին ջուրը միանգամից քշել, տարել է, ամեն ինչ րոպեների ընթացքում է եղել, նրանք փոքր են, վախեցել են մտնել գետը եւ հանել»,- ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզում հուլիսի 15-ին, ժամը 16:30-ի սահմաններում, Շատին գյուղից վերեւ գտնվող Եղեգիս գետը երեխա էր ընկել: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամը 17.38-ին հրշեջ-փրկարարները ջրից դուրս էին բերել Շատին գյուղի բնակիչ` 15-ամյա Կարեն Տիգրանյանի դին:




























