Պանամայի իշխանությունները ձերբակալել են զենք տեղափոխող հյուսիսկորեական նավ: Ապօրինի բեռը տեղադրված է եղել շաքարավազի կոնտեյներներում: Այս մասին հաղորդել է Պանամայի նախագահ Ռիկարդո Մրտինելլին:
Նավը ձերբակալվել է հուլիսի 15-ի երեկոյան Մանսանիլյո նավահանգստում: Պանամայի իշխանություններին հաղորդել էին այդ նավով տեղափոխվող թմրանյութի խմբաքանակի մասին: Սակայն դրա փոխարեն նավի վրա հայտնաբերվել է ապօրինի զենք, հաղորդում է ՌԲԿ-ն:
Պանամայի անվտանգության նախարարի տեղեկություններով՝ նավը ժամանել է Կուբայից: Նա նաեւ հավելել է, որ 35 հոգուց բաղկացած նավի անձնակազմը ձերբակալության ընթացքում դիմադրություն է ցուցաբերել, իսկ կապիտանը փորձել է ինքնասպան լինել:
Առայժմ չի հստակեցվում, թե նավի վրա ինչ զենք է եղել: Պանամայի իշխանությունները խնդրում են ՄԱԿ-ի փորձագետներին հայտնաբերված զենքը տեսչական քննության ենթարկել:





























