Լեհական Գլիվիցա քաղաքում ճանապարհաշինարարները ցնցվել են՝ գլխատված հնագույն կմախքներ հայտնաբերելով: Գանգերը հանգուցյալների ոտքերի արանքում էին՝ քարերով կոտրած վիճակում: Հնագետները սարսափած շինարարներին բացատրել են, որ չորս հարյուրամյակ առաջ այդպես թաղում էին «վամպիրներին»: Հենց գլխատման ծեսն էր, որ թույլ չէր տալու արնախումներին ողջերի աշխարհ վերադառնալ:
Ի դեպ, Լեհաստանը Իռլանդիայից, Իտալիայից եւ Բուլղարիայից հետո արդեն չորրորդ երկիրն է, որտեղից «վամպիրների» կմախքներ են գտնում: Սակայն նրանք տարբեր կերպ էին թաղված. Ոմանց բերանը փակած էր մեծ քարերով, մյուսների սրտին խրած դաշույն կար, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Մեր նախնիները կարծում էին, որ «արնախում» լինում էին սխալ օրերին բեղմնավորված երեխաները, եկեղեցուց հեռացածները, անգամ գենետիկ շեղումներ ունեցողները: Իսկ ժանտախտի ժամանակ կարծում էին, թե «վամպիրները» նրանք են, որոնց կոկորդից հիվանդության պատճառով արյուն էր հոսում: Եվ որպեսզի ոչ ոքի չվարակեն, նրանց բերանն ինչ-որ ծանր բան էին մտցնում:



























