Շվեդիայում նախկինում գնացքի առեւանգման եւ դրանով Ստոկհոլմի ծայրամասի բնակելի տանը հարվածելու մեջ մեղադրվող հավաքարարը մեքենավարի դասընթացներ կանցնի, հայտնում է Local-ը՝ վկայակոչելով շվեդական Sveriges Radio ռադիոկայանը:
Դեպքը կատարվել էր այս տարվա հունվարի կեսերին: Չորսվագոնանոց շարժակազմը 1,6 կմ գնացել էր եւ ընկել ռելսերից: Այն եւս 25 մետր էր ընթացել՝ նախքան բնակելի տանը հարվածելը: Դեպքի պահին տանը հինգ մարդ էր գտնվել: Հավաքարարից բացի այլ տուժող չէր եղել: Նա փորձել էր ինքնուրույն կանգնեցնել գնացքը բայց ապարդյուն: Կինը լուրջ, բայց կյանքին չսպառնացող վնասվածքներ էր ստացել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Հավաքարարը հայտնել է, որ իր գործատու Arriva ընկերությունը իրեն կօգնի մեքենավարի կրթություն ստանալ: Ըստ նրա՝ ընկերությունը նաեւ աշխատանքով կապահովի իրեն՝ սուտ մեղադրանքների մեղքը քավելու համար:
Սկզբում Arriva-ն հայտնել էր, որ 20-ամյա հավաքարարն իբր առեւանգել է գնացքը, բայց կորցրել է ղեկավարումը: Սակայն հետո պարզվել էր, որ դեպքը անվտանգության տեխնիկայի լուրջ խախտումների հետեւանք է եղել:



























