Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով արդեն 4 շաբաթ է Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցիկ գոտում է, երեքշաբթի օրը պաշտոնապես ապաստան է խնդրել Ռուսաստանից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Հանրային պալատի անդամ, իրավաբան Անատոլի Կուչերենուին:

Վերջինս հաղորդել է, որ երեքշաբթի ցերեկը հանդիպել է Սնոուդենին, ինչից հետո լրտեսության մեջ մեղադրվող ամերիկացին պաշտոնական հայց է ներկայացրել Ռուսաստանի միգրացիոն ծառայությանը՝ ժամանակավոր ապաստան ստանալու:

«Քանի որ նա չի կարող ինքը գնալ ՌՄԾ, ես խնդրել եմ կառույցի աշխատակցին անցնել տարանցիկ գոտի, որտեղ էլ հայցը ձեւակերպվել է»,-Կուչերենուին մեջբերում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Գործակալության տվյալներով՝ իր հայտարարությունում Սնոուդենը հենց ժամանակավոր ապաստան է խնդրել: Նրա հայցը կդիտարկվի երեք ամիսների ընթացքում: Այդ ընթացքում նրան փաստաթուղթ կտրամադրվի, որի շնորհիվ Սնոուդենը կկարողանա մնալ Ռուսաստանում: Այս մասին հաղորդել է աղբյուրը ՌՄԾ-ում:

Հիշեցնենք, որ Սնոուդենը «Շերեմետեւոյում» է հունիսի 23-ից ի վեր: