Իսպանիայի ոստիկանությունը կալանավորել է Եվրոպայում ամենաորոնվող 10 հանցագործներից մեկին՝ Բրայան Քոլին Չարինգթոնին, ով թմրամիջոցների առեւտրով զբաղվող միջազգային կազմակերպության առաջնորդն է:
Չարինգթոնը ձերբակալվել է միջազգային հատուկ գործողության արդյունքում, որի ժամանակ ձերբակալվել է եւս 6 մարդ Իսպանիայում եւ 7 մարդ՝ Վենեսուելայում: Գործողության ընթացքում ձերբակալվել են նաեւ Չարինգթոնի որդին եւ կինը, որը կոկաինի նոր խմբաքանակ էր պատրաստում ծովային տրանսպորտով ուղարկելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ձերբակալության պահին Ալիկանտե բնակավայրում գտնվող Չարինգթոնի բնակարանից առգրավվել է մոտ 220 կգ թմրանյութ, նաեւ սառեցվել են նրա բանկային հաշիվները, ունեցվածքը եւ ակտիվները, որոնց ընդհանուր արժողությունը հասնում է 5 մլն եվրոյի:
Գործողությունն անցկացվել է Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Վենեսուելայի իրավապահների, ինչպես նաեւ Ameripol մայրցամաքային ոստիկանական կազմակերպության աշխատակիցների հետ համատեղ:



























