Հայաստանի փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի իրավաբանական բաժնի ղեկավար Քեյթ Փուլերին առաջարկել է հնարավորության դեպքում Հայաստան հրավիրել համապատասխան փորձագետների՝ հայ ոստիկանների համար փախստականների կարգավիճակի վերաբերյալ սեմինար անցկացնելու նպատակով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանց միջեւ հանդիպումը կայացել է հուլիսի 15-ին, Երեւանում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փախստականների իրավունքների պաշտպանությանը եւ օրենսդրական դաշտի կատարելագործմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կողմերը կարեւորել են ՀՀ ազգային օրենսդրությունը փախստականներին առնչվող հարցերով միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու եւ ՀՀ-ում քաղաքացիություն չունեցող անձանց եւ փախստականների կարգավիճակի մասին ընթացակարգեր մշակելու անհրաժեշտությունը:

Նշված հարցերի կապակցությամբ Քեյթ Փուլերին առաջարկել է կազմակերպել ճանաչողական այց եվրոպական երկրներ, որպեսզի հնարավոր լինի տեղում ծանոթանալ առաջավոր փորձին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները դարձնել շարունակական` առկա ակտիվ համագործակցության միջոցով լավագույն արդյունք ստանալու նպատակով: