Հնդկաստանի հյուսիս-արեւելքի Բիհար նահանգում դպրոցական ճաշից թունավորվելու հետեւանքով վախճանված երեխաների թիվը հասել է 20-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 8 զոհերի եւ 80 տուժածների մասին:
Ողբերգությունը տեղի է ունեցել Չհապրա քաղաքի դպրոցում: Երեխաները թունավորվել են անվճար ճաշից: Այդ օրը երեխաներին ճաշին «կիչարի» են տվել` բրնձից եւ ոսպից պատրաստված ճաշատեսակ:
Զոհվածների մեծամասնությունը տասը տարեկանից փոքր են: Հիվանդանոց տեղափոխված աշակերտներից շատերը ծայրահեղ ծանրվիճակում են: Ըստ NDTV հեռուստաալիքի` բժիշկներն արդեն մի քանի մարմիններ են դիահերձել եւ զոհերի օրգանիզմներում «օտարածին քիմիական նյութ» են հայտնաբերել:
Բիհար նահանգի գլխավոր նախարար Նիտիշ Կումարը հանձնարարել է զոհված երեխաների ընտանիքներին 3,3 հազար դոլար գումարի չափով փոխհատուցում վճարել: Դպրոց են ուղարկվել դատաբժշկական փորձագետներ` կատարվածի պատճառները պարզելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:



























