ՄԱԿ-ի խաղաղ հավաքների եւ միավորումների ազատության հարցերով հատուկ զեկուցող Մայնա Կիաին քննադատել է Ադրբեջանի կառավարությանը` քաղաքացիների հիմնարար իրավունքները խախտելու համար: ՄԱԿ-ի դիրքորոշումը նա հնչեցրել է Բաքվում` «ՄԱԿ-ի առջեւ Ադրբեջանի պարտականությունները» թեմայով կոնֆերանսի ժամանակ:
Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ նա Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել բացել Մարդու իրավունքների տուն՝ հավելելով, որ դրա փակելը մարդու իրավունքների կոպիտ խախտում էր:
Նշենք, որ հատուկ զեկուցողը կոնֆերանսի մասնակիցներին միացել է Skypе-ով: Ըստ նրա` Ադրբեջանում հավաքների ազատության հետ կապված վիճակն ընտրություններից առաջ շարունակում է լարված մնալ:
Կիաին նաեւ քննադատել է խաղաղ ցույցերին մասնակցելու համար տուգանքների աճը: Նա նշել է, որ սեպտեմբերին աշխարհում հավաքների ազատության վիճակի վերաբերյալ զեկույց կպատրաստի եւ կանդրադառնա նաեւ Ադրբեջանի իրավիճակին: Ըստ նրա` կառավարությունը պետք է աջակցի հավաքների ազատությանը, այլ ոչ թե վերահսկի դրանք:
Թեեւ Ադրբեջանի իշխանությունները Կիաիին վիզա էին տրամադրել, փոստի հետ կապված խնդիրների պատճառով այն շատ ուշ էր ստացվել, այդ պատճառով վերջինս չէր կարողացել ներկայանալ կոնֆերանսին:





























