Հայաստանում սոցիալական լարվածություն չի լինելու: Մարտի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտել ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, նշելով, որ 2010-ին պահպնվել են 2009-ի բյուջեով նախատեսված սոցիալական ծախսերը, որի արդյունքում սոցիալապես անապահով խավի վիճակը չի կարող վատանալ: Նա ընդգծել է նաեւ, որ ապրիլի 1-ից գազի թանկացման հետ կապված քննարկումներ են ընթանում, որպեսզի առավել խոցելի խավերի համար փոխհատուցում լինի։ Պատգամավորի ներկայացմամբ, չորս անձից բաղկացած ընտանիքի համար գազի գնի բարձրացման արդյունքում ընտանեկան ծախսերը կավելանան 2,5-3 հազ. դրամով։
Այդուհանդերձ Հ. Հակոբյանը ստիպված էր խոստովանել, որ 6,5 տոկոս գնաճի արդյունքում կրճատվել է նույն կենսաթոշակ, աշխատավարձ ու նպաստ ստացող քաղաքացու գնողունակությունը, սակայն հավելել է, որ դա սոցիալապես խոցելի խավերի համար մեծ չի եղել։
«Կա տարբերություն, երբ ընտանիքում մեկ շնչի հաշվով եկամուտը կազմում է 15 հազար դրամ և, օրինակ՝ 30 հազար դրամ։ Մեր մոտեցումն այսպիսին է. ոչինչ, 30 հազար դրամ եկամուտ ունեցող խավը թող տեղավորվի 28 հազարում։ Աշխատող խավի համար մենք ասում ենք՝ ոչինչ։ Շուկայական հարաբերություններում սա աշխատավարձ ստացողների խնդիրն է, և պետությունը երբեք չի խառնվում նրանց աշխատանքային հարաբերություններին»,- ասել է նա:



























