Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանն Ավստրալիայում առաջինն է ճանաչման բանաձեւ ընդունել Լեռնային Ղարաբաղի առնչությամբ եւ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի երկրի մյուս նահանգների խորհրդարանները եւս ընդունեն նման բանաձեւեր: Այս մասին, այսօր՝ հուլիսի 17-ին, Ստեփանակերտում ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Հայ-ավստրալական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ջոնաթան Օ՛Դինը:
Նրա խոսքով՝ պետք է անել ամեն ինչ, որ մյուս նահանգները եւս բանաձեւով դիմեն կենտրոնական իշխանություններին` հորդորելով ճանաչել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Նշենք, որ Ավստրալիայի Միության Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավորները եւ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները նախօրյակին կարճատեւ ճանաչողական այցով ժամանել են Արցախ:
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Աշոտ Ղուլյանն իր հերթին նշել է. որ միայն ժողովրդավարական չափանիշները ճիշտ ընկալող մարդիկ ու կառավարման մարմինները կարող են նման գնահատելի քայլի դիմել՝ կարեւորելով ժողովուրդների ազատության եւ անկախության իրավունքը։ Հույս հայտնելով, որ բավական հեռանկարային համագործակցություն է սպասվում երկու խորհրդարանններին, ԱԺ նախագահը ասել է, որ այդ տեսլականով առաջիկայում կմշակվի ու կյանքի կկոչվի փոխադարձ շփումների ու փոխգործակցության ծրագիր։
Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների ղեկավարներ Գագիկ Պետրոսյանը եւ Արմեն Սարգսյանը, Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Վարուժան Իսկենդերյանը, պատվիրակությանը Երեւանից ուղեկցող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանը։





























