Պատահական էր, թե ոչ, սակայն Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու հրապարակային հայտարարությունը հաջորդեց «Նոր Մոսկվայում» ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարին:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին մերձմոսկովյան Օզնոբիշինոյի շրջանում խճաքարով բեռնված «ԿամԱԶ» մակնիշի մեքենան բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում 18 մարդ էր զոհվել: Բեռնատարի վարորդը Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանն է, ով հայտնվել էր «գաստարբայտերի» ոչ պատվաբեր կարգավիճակում:
Նշված վթարից օրեր անց` հուլիսի 16-ին Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի` ավելի քան 90 օրով Ռուսաստան այցելող օտարերկրացիները, առաջին հերթին միգրանտները, պետք է ստանան ժամանակավոր բնակվողի կարգավիճակ: Սկզբունքորեն, սա ապօրինի միգրացիայի հետ կապված խնդրի օպտիմալ լուծում է, եթե, իհարկե, այդ «կարգավիճակի» տրամադրումը իրականացվի արդար, առանց նվաստացուցիչ քաշքշուկի եւ կաշառքի:
Երկրորդը` որակյալ աշխատողներին առաջարկվում է ժամանակավոր բնակության թույլտվություն տալ Ռուսաստանում երկու, բարձր որակավորում ունեցողներին` երեք տարով: Վատ չէ, թեեւ էական սահմանափակում կա Ռուսաստանում աշխատաժամանակի առումով: «Երրորդ» կետով արդեն աշխատանքային միգրանտների համար բավականին կասկածելի առաջարկություն է արվում: Մասնավորապես` Ռոմոդամովսկին առաջարկում է ներդնել «թափուր աշխատատեղերի հրապարկման օրենսդրորեն ամրագրված մեխանիզմ, ըստ որի առաջինը այն իրավունք ունեն զբաղեցնել միայն ՌԴ տվյալ սուբյեկտի բնակիչները, երկրորդը`Ռուսաստանի քաղաքացիները, եւ միայն դրանից հետո գործատուն կարող է միգրանտ վարձել»:
Ընդ որում, ծառայության ղեկավարը վկայակոչում է եվրոպական զարգացած երկրների փորձը: Այստեղ, իհարկե, որոշ վերապահում կա:
Նշված զարգացած երկրների լրատվամիջոցներն ազգամիջյան խտրականություն հրահրելու ռիսկի չեն գնում` օգտագործելով արտասահմանցի աշխատանքային միգրանտների գործոնը, ինչը ներկայումս իրականացվում է նրանց ռուս գործընկերների կողմից եւ, առավել եւս, հրապարակավ չեն ծաղրում մարդուն: Այնպես որ, ավելորդ չէ ընդօրինակել զարգացած երկրների այդ փորձը...
Դատելով ռուսաստանյան լրատվամիջոցների մի շարք ռեպորտաժներից, հոդվածներից ու հրապարակումներից, «չարիքի ողջ արմատը գաստարբայտերների մեջ է», եւ անհրաժեշտ է նրանցից շուտափույթ ազատվել: Խաղալով հանրության ազգայնական տրամադրություններ ունեցող շերտերի պահանջներին համապատասխան` նման «տեղեկատվությունը», իսկ ավելի ճիշտ` ապատեղեկատվությունը անտեսում է մեկ փաստ:
Ռուսաստանում ոչ բարենպաստ ժողովրդագրական պատկերն այլ երկրներից աշխատուժի հոսք է ենթադրում: Պատահական չէ, որ 2006թ-ին ընդունվեց «Արտասահմանում ապրող համերկրացիներին կամավոր ՌԴ վերաբնակեցման աջակցման պետական ծրագիրը»:
Ըստ այդ ծրագրի, նախկին ԽՍՀՄ-ի բոլոր նախկին քաղաքացիները եւ նրանց ժառանգները համարվում են «համերկրացիներ» եւ ցանկության դեպքում կարող են օրինական հիմունքներով տեղափոխվել Ռուսաստան:
Այսպիսով, մի կողմից երկրի քաղաքականությունն ուղղված է Ռուսաստանում «համերկրացիների» զանգվածային վերաբնակեցմանը, մյուս կողմից` պաշտոնական առաջարկ է արվում պարզել գաստարբայտերների հետ կապված «իրավիճակը»:
Ռուսաստանի բիզնեսի շատ ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ արդեն դեմ են հանդես եկել Ռոմոդանովսկու` թափուր աշխատեղերն առաջին հերթին տեղաբնակներով համալրելու առաջարկին: Նրանց փաստարկները բավականին համոզիչ են:
Կան ցածր վճարվող եւ ֆիզիկական ծանր աշխատանք պահանջող աշխատատեղեր, որոնց համաձայնում են միայն աշխատանքային միգրանտները: Պատահական չէ, որ Ռուսաստանում գաստարբայտերների 40%-ը զբաղված է շինարարության ոլորտում:
Գաստարբայտերներին ոչ մի տեղ չեն սիրում, սակայն մի շարք երկրներում այդ երեւույթը բավականին դրական ընկալում ունի:
Օբյեկտիվության համար մեջբերենք Ռուսաստանի նախկին քաղաքացու խոսքերը, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում:
«Մամուլում պարբերաբար հայտնվում են քաղաքագետների դիտարկումները «ժողովուրդների նոր վերաբնակեցման», ասիական հանրապետությունների հետ նոր վիզային ռեժիմի ներդրման, կովկասցիների հետ չդադարող բախումների մասին...սրանք միայն մի քանիսն են «հարավից ներխուժման» հետ կապված ռուսաստանյան հանրության շրջանում կրքերի բորբոքման դրսեւորումներից»:
...Հայտնվելով ԱՄՆ-ում (Քալիֆոռնիայում, Ս. Գրիգորյան), ես սկսցեի նորովի ընկալել իմ հայրենքի զանգվածային միգրացիան ԽՍՀՄ-ի նախկին հարավային հանրապետություններից: Մոսկվայում եւ Քալիֆոռնիայում միգրացիոն գործընթացները շատ նման են, սակայն ամերիկացիների վերաբերմունքն իրենց գաստարբայտերների նկատմամբ արամատապես տարբերվում է նրանից, ինչ կարելի է տեսնել Ռուսաստանի մայրաքաղաքում»: Կարծում ենք, մեկնաբանություններն ավելորդ են...
Սմբատ Գրիգորյան




























