Լիբանանի հարավում տեղակայված Աս-Սարաֆանդ բնակավայրում զինված ահաբեկչական խմբավորումը սպանել է սիրիացի հայտնի քաղաքագետի, ով Արաբ արտագաղթյալների համաշխարհային կազմակերպության քաղաքական բաժնի վարիչն էր: Խոսքը Մուհամմադ Դիրար Ջամմոյի մասին է:

Լիբանանի անվտանգության ծառայություններն ու դատական փորձագետները անմիջապես ժամանել են հանցագործության վայր եւ հետաքննություն սկսել: Լիբանանի ՆԳ նախարարի պաշտոնակատար Մարվան Շարբելը Ջամմոյի սպանությունը բնորոշել է որպես քաղաքական հանցագործություն:

Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության սիրիական տարածաշրջանային ղեկավարությունը ընդգծել է, որ Մուհամմադ Ջամմոյի սպանությունը այլ տեսակետ չընդունող ահաբեկչական խմբավորումների  հանցավոր էության արտացոլումն է: Դա նաեւ ցույց է տալիս ահաբեկիչների եւ նրանց սատարողների՝ մարդկանց հանդեպ աննախադեպ ատելությունն ու պարզունակ հայացքները:

Ինչպես հաղորդում է սիրիական պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի տեղեկատվության նախարարությունը հայտարարել է, որ սպանությունը իրականացվել է մութ գաղափարներին հավատարիմ ծայրահեղականների հանցավոր ձեռքերով: Սպանությունը քննադատել են նաեւ Սիրիայի Լրագրողների միությունն ու Տեղեկատվության հարցերով սիրիական խորհուրդը: