ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի 33-ամյա բնակիչը, ով նախկինում դատապարտվել էր իր մոր սպանության համար եւ վազաժամ ազատ էր արձակվել, այս անգամ էլ մետաղի կտորով փորձել է սպանել հարեւանին:

Glendale News Press-ի փոխանցմամբ, Տարոն Գորգոյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել անցած հինգշաբթի կատարված հարձակման համար: Ոստիկանության սերժանտ Թոմ Լերոնցի խոսքով, հարեւանի դեմքի եւ գլխի շրջանում 16 կար են դրել:

Տուժած հարեւանը հայտնել է, թե տեղյակ չէ` ինչու է` Գորգոյանը հարձակվել իր վրա, սակայն հիշում է, որ Գորգոյանը կարծես ինչ-որ բանի ազդեցության տակ լիներ: Կասկածյալը պնդում է, որ երբեք չի հարվածել հարեւանին, սակայն ոստիկանները արյան հետքեր են հայտնաբերել:

Գորգոյանը վաղաժամ ազատ էր արձակվել 2011թ. հունիսին, երբ Սալինաս հովտի բանտում պատիժ էր կրում իր 49-ամյա մոր սպանության համար: Նա 2002թ. դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման: Այդ ժամանակ նա նաեւ կրակել էր իր 19-ամյա եղբոր փորին, ապա իր դեմքին: Բժիշկներին հաջողվել էր փրկել մարդասպանի կյանքը, սակայն դեմքին մեծ սպի էր մնացել: Մեղադրողները միջնորդելու են դատարանին Գորգոյանի համար 1 մլն դոլար գրավ սահմանել: