56-ամյա ամերիկացի Քրիս Ռեյնոլդսի հաշվին անհավանական գումար է հայտնվել. ավելի քան  92 կվադրիլիոն դոլար, ավելի ճիշտ`  92 233 720 368 547 800 դոլար: Սխալը տեղի է ունեցել «PayPal» վճարային  համակարգի խափանման արդյունքում, եւ համակարգն արդեն շտկել է սխալը:

Ռեյնոլդսը, ով «PayPal»-ի մշտական հաճախորդն է,  ապրանքներ է վաճառում եւ գնում «eBay»-ով,  սակայն ամսական միջինը ծախսում է մոտ 100 դոլար: Ուբաթ նա բացելով հաշվեկշռի էջը` անակնկալի է եկել. սկզբում նա վատ է զգացել իրեն, մտածելով, թե գումարը պարտք է վերցրել, հետո իրեն միլիոնատեր է զգացել, բայց այդ զգացողությունները երկար չեն տեւել: Էջը վերաբեռնելուց հետո նրա հաշիվը մոտավորապես զրո է ցույց տվել:

Տեղական մամուլին տված հարցազրույցում Ռեյնոլդսը հասցրել է պատմել, թե ինչ կաներ, եթե իսկապես նման գումար ունենար:

«PayPal»-ը հրաժարվել է մեկնաբանել ստեղծված իրավիճակը` հայտարարելով, թե չի քննարկում հաճախորդների հաշիվները: