Հունաստանի խորհրդարանը հուլիսի 17-ի ուշ երեկոյան պետական հատվածի կրճատման մասին օրենքների փաթեթ է ընդունել, որը երկրին հերթական օգնությունը հատկացնելու պարտադիր պայմանն էր։

Օրենքների ընդունմանը կողմ են քվեարկել իշխող կոալիցիայի անդամ կուսկցությունները՝ «Նոր ժողովրդավարությունն» ու ՊԱՍՕԿ-ը, իսկ ընդդիմությունն ամբողջ կազմով դեմ է քվեարկել։

Նոր օրենքներով նախատեսվում է մինչեւ տարեվերջ ավելի քան չորս հազար պետական ծառայողների կրճատում։ Բացի դրանից,  առաջիկայում եւս 25 հազար մարդ, հիմնականում ոստիկաններ եւ ուսուցիչներ, կհայտնվեն աշխատանքային ռեզերվում։ Ութ ամսվա ընթացքում նրանք հնարավորություն կունենան նոր աշխատատեղեր  գտնել պետական տիրույթում, հակառակ դեպքում նրանք նույնպես կազատվեն աշխատանքից: 

Օրենքի ընդունումն ուղեկցվել է խորհրդարանի շենքի մոտ բողոքի զանգվածային ցույցերով, որոնց մասնակցել է հինգ հազար մարդ: Ավելի վաղ` օրինագծի քննարկումն սկսելուց առաջ, Հունաստանի խոշոր արհմիությունները հայտարարել էին գործադուլ անցկացնելու մասին, հայտնում է lenta.ru-ն:

Օրենքի նոր փաթեթի ընդունումը  ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի կողմից Հունաստանին տրվող 6,8 միլիարդ եվրո վարկն ստանալու պարտադիր պայմանն էր: