ՀԱՀ-ի առաջին սեւամորթ նախագահ եւ Նոբելյան խաղաղության մրցանակակիր Նելսոն Մանդելան այսօր՝ հուլիսի 18-ին, դառնում է 95 տարեկան։

Հարավաֆրիկյան Հանրապետությունը հանդիսավորությամբ նշում է այս օրը, որը 2009թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հայտարարվել էր Նելսոն Մանդելայի օր՝ ի նշան խաղաղության եւ ազատության գործում նրա ունեցած ավանդի ճանաչման։
Տեղական ժամանակով ուղիղ ժամը 08:00-ին ՀԱՀ-ի բոլոր դպրոցների աշակերտները կերգեն «Ծնունդդ շնորհավոր, Մանդելա» երգը, հայտնում է NEWSru.com-ը։

ՀԱՀ-ի սեւամորթ նախագահ Ջեյքոբ Զուման, ռասայական հաշտեցման գործում Մանդելայի ժառանգությունն ընդգծելու համար, բյուջեից ֆինանսավորող կացարանի բանալիներ կհանձնի Պրետորիայի շրջաններից մեկի սպիտակամորթ աղքատ ընտանիքներին։
«Ես ռասիզմը բարբարոսություն եմ համարում, անկախ այն բանից` սպիտակամորթ, թե սեւամորթ մարդուց է այն դուրս գալիս: Եթե դուք ցանկանում եք  հաշտվել թշնամու հետ, պետք է աշխատեք հետը,  այդ ժամանակ նա գործընկեր կդառնա», - ասել է Մանդելան:
Հոբելյարն արդեն երկրորդ ամիսն է ծանր վիճակում գտնվում է Պրետորիայի հիվանդանոցում` թոքային հիվանդության  կրկնվելու հետեւանքով:

Ծննդյան օրվանից մեկ օր առաջ ՀԱՀ-ի առաջին սեւամորթ նախագահն իրեն այնքան լավ է զգացել, որ հեռուստացույց է դիտել: Այս մասին հայտնել է նրա դուստր Զինձին:

Ընտանիքը ծրագրում է հուլիսի 18-ին Պրետորիայի հիվանդանոցում նշել Մանդելայի ծննդյան տոնը: Բացի դրանից, հարազատները հատուկ նվեր են պատրաստում 95-ամյակի առթիվ` ընտանիքի անդամների լուսանկարներով հսկայական  կոլաժ: