ԱՄՆ Դաշնային պահուստային հակարագի ղեկավար Բեն Բերնանկեի ելույթից հետո դոլարը համաշխարհային արժույթների համեմատ հուլիսի 17-ին թանկացել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Այսպես՝ դոլարի փոխարժեքն ավելացել է 82,71 կետով՝ նախորդ օրվա 82,59-ի համեմատ: Եվրոն դոլարի դամեմատ նվազել է՝ մեկ եվրոյի դիմաց 1,3125 դոլար՝ 1,3163-ի համեմատ: Ճապոնական արժույթի համեմատ դոլարի արժեքն ավելացել է՝ մեկ դոլարի դիմաց 99,58 իեն հարաբերակցությամբ:
ԱՄՆ կոնգրեսի առաջ իր ելույթում Բերնանկեն ընդգծել է, որ չնայած արդեն գրանցած նվաճումներին եւ ամերիկյան տնտեսության աստիճանական վերականգնմանը՝ որոշ ոլորտներում խնդիրները պահպանվում են: Մասնավորապես՝ իրավիճակն անկայուն է աշխատաշուկայում: Նա նշել է, որ մոտ ապագայում իր վարած քաղաքականությունը խթանող բնույթ կկրի:
Հուլիսի 17-ին ԴՊՀ-ն հրապարակել է Beige Book-ը,որտեղ կարգավորողի մեկնաբանություններն են այն շրջանների տնտեսական վիճակի մասին, որոնց ԴՊՀ-ն բաժանում է ԱՄՆ տարածքը: Ըստ այդ փաստաթղթի՝ հունիսի սկզբից մինչեւ հուլիսի կեսն ընկած ժամանակահատվածում բոլոր 12 շրջաններում տնտեսական աճ է գրանցվել: Փորձագետները ամերիկյան տնտեսության աճի տեմպերը գնահատել են որպես չափավոր:
«ԱՄՆ տնտեսությունը ճիշտ ուղղությամբ է ընթանում՝ չնայած որ վերականգնվում է չափավոր տեմպերով»,-ասում է TD Securities USA տնօրեն Միլան Մալրեյնը, որի խոսքը վկայակոչում է MarketWatch գործակալությունը:





























