Եվրամիության անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը կոչ է արել Եգիպտոսի ժամանակավոր իշխանություններին ազատ արձակել պաշտոնանկ արված նախագահին:

«Ես հստակ հասկացնել եմ տվել, որ կարծում եմ՝ պարոն Մուրսին պետք է ազատ արձակվի: Բացի այդ պետք է ազատ արձակվեն նաեւ բոլոր քաղբանտարկյալները»,-ասվում է Էշթոնի հայտարարությունում, որը տարածել է նրա մամուլի ծառայությունը:

Նա հաղորդել է, որ եգիպտական ժամանակավոր իշխանությունները հավաստիացրել են, որ Մուրսիի հետ ամեն ինչ լավ է եւ նրա հանդեպ լավ վերաբերմունք են ցուցաբերում: Սակայն Էշթոնին հնարավորություն չեն տվել տեսնվել Մուրսիի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Թամարրուդ» շարժման առաջնորդների հետ հանդիպման ժամանակ ԵՄ ներկայացուցչին կրկին հայտնել են, որ Եգիպտոսում տեղի ունեցածը «ժողովրդական հեղափոխության արդյուն է, այլ ոչ թե ռազմական հեղաշրջման, ինչպես ոմանք են պնդում»: